?

Log in

 Պատուհանները բաց են… ներս եկեք գիշերվա ցրտում մրսող թիթռներ, եկեք մահացեք իմ տան մեջ` իմ սենյակում, որ ես գնահատեմ կյանքս: Թեև շոգ է հիմա, բայց մերկ եք դուք,ախր…իսկ ինձ դեռ 20 տարի է պետք անկեղծանալու համար: Եկեք գիշերվա ցրտում մրսող թիթեռներ, եկեք, մահացեք իմ տան մեջ…
Այսօր այնքան անտարբեր եմ ամեն ինչի նկատմամբ, որ մի տեսակ անհարմար էլ եմ զգում ինձ մարդկության առաջ: Տարիներ շարունակ գիտափորձեր ու հետազոտություններ են արել ու ինչ-որ բաներ են ստեղծել, որոնց շնորհիվ ես հիմա խոսում եմ մոլորակի հեռավոր մի կետում նստած մեկի հետ, ում մոտ գուցե նոր է սկսել օրը հիմա, երբ ինձ մոտ խոր գիշեր է` առանց լուսանալու հույսի:
-Հիվանդ եմ
-Գժվե՞լ ես
-Չէ ուղեղս լավ է, ձեռքերս են մրսել, մտածում եմ շպրտեմ, ինչի՞ս են պետք…
Բայց հետո ուշքի եմ գալիս: Լսիր, ասում եմ ` քեզ ո՞վ խոստացավ արևը համայնի: Ի՞նչ ես քեզ լուսատու զգում, դու, որ խավար ես փռել աչքերիս: Չէ, ի՞նչ բանաստեղծություն… ի՞նչ պոեզիա…
Ես ամեն գիշեր հարևաններիս շնչառությունն եմ լսում, գիտե՞ս` դա ինչ պոետիկ է…
Ես ապրում եմ միայն ամեն ամիս 3 օր: Աշխատավարձ ստանալու նման, մնացած օրերը վատնում եմ անիմաստ, գոյատևում եմ…դու իմ հաց, իմ ջուր, իմ օդ իմ արև…Ու բանաստեղծների գահերից հեռու ապրում ես դու կյանքդ հանճարեղ, ովքե՞ր են սրանք… էժան քնքշանքներ, պարտքով ձեռք բռնել, ապառիկով համբույր, տոկոսով մարմիններ…զզվում եմ սրանցից, գիտե՞ս, սրանք նայում են ինձ, բայց չեն տեսնում էությունս… իսկ դու կապրեցնես ինձ 3 օր միայն… հետո կմեռնեմ, բայց պարտք չեմ վերցնի… Առևտուր անող սրանց ձեռքերից պարտքով ծաղիկներ չեմ ուզում ստանալ… սրանք ի՞նչ գիտեն մեր սիրո մասին… Սրանց ի՞նչ ասեմ … երկար գովում են իրենց սերերին, ես լուռ եմ մնում, քո տված երջանկության դեմ ոչինչ են բառերը … չէ բառ չկա մեր մեջ… ես հոգնել եմ բառերով սիրելուց… ուղղակի գրկիր ինձ ու վերջ…
Ինքնահաստատվելու համար սրանց անգամ իրենց սուտը չի հերիքում: Օգնիր, թող կայանան, թեկուզ քո ապրածի հաշվին . մեծահոգի ես դու միշտ …
Եկեք գիշերվա մթից վախեցող թիթեռներ, արևոտ չէ ինձ մոտ, բայց թակարդներ չկան…եկեք մահացեք իմ սենյակի մեջ, որ չվախենամ ձեզ պես ապրելուց: Լույս է , հա, գիտեմ, բայց կույր եք, ախր:
-Հիվանդ եմ, էլի…
-Դու հո խելառ չե՞ս…
-Չէ, ուղեղս լավ է, մատներս են մաշվել…մտածում եմ, մեկին տամ, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս, ասում եմ ` գնա ուղեղդ փոխիր, հնացել ես դու, մաշվել ես վաղուց, լսիր, ով ասաց, որ հիմք ես եղել, դու, որ փլել ես կառուցվող ամեն պատ, եթե պատնեշ չէր…
Հիմա այնքան միևնույնն է ամեն բան, որ նույնիսկ անհարմար եմ զգում ինձ մարդկության առաջ, և նրա առաջ, ով ստեղծեց հեռախոսը: Երևակայությունը մարդկության շարժիչ ուժն է:
-Ինչու՞ ստեղծվեց հեռախոսը…
-Երևի ստեղծողը սիրահարված է եղել, ես ինչ իմանամ…երևի պատկերացրել է ` ինչ լավ կլինի, որ հեռվից հեռու նրա ձայնը լսի…
Հիմա, երբ դու այսքան հեռու ես, ես սկսել եմ երկրպագել նրան, ով ինձ քո ձայնը լսելու հնարավորություն է տվել և ասելու, թե որքան լի է կյանքս քո գոյությամբ…
Ասում են ` դու լավ էներգետիկա ունես … ծիծաղում եմ ` ախր հոգեբաններ են ամեն անկյունում, գիտեն բոլորը` ինչ է պետք մեզ, գիտեն ինչու արեցինք այսպես, ինչու ասեցին այն, ինչու գրեցինք այն մյուսը… ինչ գրողի տարած էներգետիկա …
-Հարգելի հոգեբաններ, ասացեք խնդրեմ ինչո՞վ կօգնեիք այն տղային, ով երազում է հեռավորության մեջ իր սիրելիի ձայնը լսել…
-գժվեցիր էլի…
-չէ, ուղեղս լավ է ` ոտքերս են մաշվել, ասում եմ ` մեխեմ մի բազմոցի, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս…
-բա վաղն ի՞նչ կլինի…
-դու տեսնու՞մ ես վաղը… դու շոշափու՞մ ես այն… դու ի՞նչ կապ ունես վաղվա հետ, երբ համատարած այսօր է… միշտ, ամենուրեք մենք այսօրներ ենք ապրում… ի՞նչ է վաղը… ո՞վ է վաղը… հավերժական այսօր է մեր կյանքը… Վաղը ես չունեմ ոչինչ անելու, ու եթե պետք է այսօր ես մրսեմ, թող մրսեմ, չէ որ այսօրն է իմը, ես չունեմ վաղը, ոչ մի դարակում ես այն չեմ պահում, ես չեմ փակցրել այն իմ պատերից գեղեցիկ շրջանակի մեջ… այսօրն է իմը…
Երկարացնում եմ երևի էլի… երևի էլի ձեռքս է գրում, ոչ թե ուղեղս, կամ հոգիս… հարց է իսկապես, թե մարդու մեջ այդ որ բջիջն է պատասխանատու պատմվածք, նամակ կամ ետյուդ գրելու համար…
Եկեք, դե եկեք թիթեռներ… ինչ եք սառել … բաց է պատուհանս և չեմ թռչելու ես…
Տապանաքարի սառնությամբ այսօր ես նայում եմ ձեզ, ու հիշում հեռվում ինձ սպասող այն ջերմությունը, որից մաս չունեք ու չեք ունենա դուք ձերը նաև, որովհետև սիրում եք տառապանք խաղալ… բայց խաղաղվեք ու փնտրեք ձերը ձեր մեջ…
Եկեք գիշերվա խավարում մրսող թիթեռներ ես արդեն գիտեմ, թե ինչ է կյանքը…

Հ.Գ. ասված է ԳՐՔՈՒՄ` շատ բաներ կան ասելու, բայց դուք ականջներ չունեք լսելու…

Անի Մաղաքյան / 19.01.11
 … Գուցե բողոքի յուրատեսակ մի ձև էր դա, կամ էլ պարզապես ձև, բայց նա դա արել էր:
Առավոտյան բնակարանն իր հետ կիսող տանտիրուհին գտել էր նրան հատակին անուժ ընկած…
Հիվանդասենյակի պատերը սպիտակ էին, բայց աչքերի առաջ լուսավոր ճառագայթներ էին ծիածանվում, ինչպես արևին երկար նաելուց հետո է լինում…
Դա բողոքելու նրա ձևն էր…
Ես նստել էի հիվանդանոցի միջանցքում և սպասում էի: Նրա մոտ արդեն ոչ ոք չէր մտնում, իբր թե անհրաժեշտ օգնությունը ցույց էին տվել և հիմա պետք էր սպասել… և ես սպասում էի…
Հարազատներից ոչ ոք դեռ չկար…
Սպասասրահում միայն ես էի, ինչը թույլ էր տալիս կենտրոնանալ միայն մի խնդրի շուրջ` ինչի դեմ էր բողոքում նա…
Ես չէի հասցրել որևէ էական եզրակացության գալ, երբ հաղթանդամ, տարեց մի մարդ, մռայլ դեմքով մտավ ներս և նստեց դիմացս…
Մի քանի րոպե լռելուց հետո նա սկսեց խոսել այնպես, ասես հին ծանոթներ էինք …
-Դե ասում են ` լավ կլինի, ասում են ` բարդ չի…
Ես կողքի բաժանմունքում էի … վիրահատում են… ասում են ` բարդ չի… էնտեղ սպասելը հարմար չէ... թոռանս են վիրահատում, բայց ասել են որ… սիրտը պարզ օրգան է, բայց շատ է բարդացնում մարդու կյանքը…
Ապա ձեռքդ բռունցք արա… տեսնում ես ` այդքան է սիրտդ…
Նա հայացքն իջեցրեց իր մեծ, կլոր ձեռքերին ու ասաց.
-Սիրտ էլ չմնաց… արդեն մի ժամ է… չէ… չգիտեմ, ասել են բարդ չէ… մեկ տարի առաջ ես էի էստեղ պառկած, ամեն անգամ, երբ բուժքույրը մտնում էր հիվանդասենյակ սրսկում անելու, օղորմածիք կինս նրա գրպանում իբր թե աննկատ գումար էր դնում, նա էլ ժպտում էր, աչքով անում ու դուրս էր գալիս … երեկ էլ` ես… բուժքույրը եկավ թոռանս սրսկում անելու, մտածեցի ` ներքին կարգ է, գրպանը գումար դրեցի ու կարմրեցի…ես կարմրեցի, նա` ինձնից առավել… ասաց ` մեղք է, հայրիկ ջան…
Աստվածավախ երևաց , կամ էլ սեփական խղճի հարց էր…
Էս բժիշկների գործն էլ գործ չէ… ամենքս մեր կյանքի համար ենք պատասխանատու, իսկ իրենք նաև հիվանդների…
Երևի իմ պատճառով կնոջս մեղքերի թիվը մեկով ավելացավ… Չնայած` նա շատ արդար կին էր…
Ինձ համար հետաքրքիր էր լսել նրան. թվում էր ` պարզապես ինչ-որ դրվագներ է պատմում ` մեկը մյուսի հետ չկապակցված…
Նա մի քանի րոպե լռելուց հետո հարցրեց.
-Իսկ դու ինչի՞ համար ես էստեղ…
-Ընկերուհիս ինքնասպանության փորձ է արել, ծնողները դեռ Երևան չեն հասել, ինձ էլ ասել են ` սպասել է պետք, ես էլ սպասում եմ…
-Ինքնասպանությա՞ ն փորձ ,- կրկնեց նա, ասես ողջ ասածիս միայն դա էր լսել …
- Հա, էնպես էլ ասում են` փորձ, իբր ներկայացում է. այսօր փորձում ենք, իսկ վաղը…,- ես չշարունակեցի. հասկացա, որ նա ինձ ուղղակի չի լսում, մի տեսակ նեղացնող էլ էր: Քիչ հետո հարցրեց.
- Քանի տարեկան է…
- 21…
-Իսկ պատճառը…
- Ես ինչ իմանամ, ինչ կարևոր է…
-Ճիշտ է, ապրես, ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը… հիմա նա մահվան հետ կռվի է մտել, հիմա նա բոլորիցս շատ է ուզում ապրել…
Եթե մեկը պարանը ինքանակամ վիզն է գցում ու աթոռը ոտքերի տակից հրում, միևնույնն է նույն պահին ձեռքերով բռնում է պարանը, փորձում է ազատվել…
Տարօրինակ էր լսել նրան… ես մինչ այդ մտածում էի, որ ընկերուհուս միակ կռիվը երեկ գիշերվանից այս կողմ եղել է կյանքի դեմ…
-Փաստորեն կյանքի համա՞ ր էր …
-Ի՞ նչը…
-Այն ինչ արել է նա…
Ծերուկը ոչինչ չպատասխանեց, հիմար հարց էր երևի… երևի ինձնից էլ հիասթափվեց, վեր կացավ ու գնաց… Էլ չտեսա նրան…
Բժիշկները չէին երևում, միջանցքում ոչ ոք չկար… Աչքիս առաջ սպիտակ դուռ էր, որից այն կողմ կռիվ էր, իսկական պատերազմ կյանքի համար ` կյանքի դեմ…
Սպասելն արդեն անհնար էր, ներս մտա…
Նստեցի կողքին… Փակ կոպերն անհանգիստ շարժվում էին … <<Կռվի մեջ է>>,- մտածում էի ես… Այսպես մնացինք մինչ արթնացավ:
-Ո՞նց ես,- հարցրի ես, առանց պատասխանի ակնկալիքի…նա ժպտաց ու թե.
-Պատուհանին մոտեցիր… տեսնու՞մ ես
-ի՞նչը
-Ինչ –որ տեղ հիմա ջրաշուշաններն են ծաղկում, իսկ մեզ մոտ ձյուն է…ինչու՞ է ձյուն…
-Երևի որովհետև ձմեռ է …
- Իսկ չի՞ լինում, որ ձմռանն արև լինի…
-Լինում է…
-Բա ինչու՞ ամռանը ձյուն չի գալիս, կամ ինչու՞ չեն ծաղկում ջրաշուշաններն այստեղ, ասֆալտին, այս պատուհանի տակ…
- Զուլոյի տողը հիշու՞մ ես ` … որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից` ձյուների մեջ ծաղիկ որոնելու…
-Հա հիշում եմ… բայց չգտա… չկար…
- Ես գնամ, կգամ վաղը, ի՞նչ բերեմ…
-Ծաղիկներ
-Իսկ ուտելու ՞
-Տես բժիշկն ինչ է ասում, այն էլ բեր… ի՞նչ կարևոր է` ինչով լցնես ներսդ, երբ ձյուն է ու չեն ծաղկում շուշանները…ռուսերենի դպրոցական դասագրքում մի պատմություն կար, երբ մահացու հիվանդի հիվանդասենյակի պատուհանին ընկերը ծաղկած ծառեր է նկարում, որ գարնան տպավորություն լինի, և հիվանդն առողջանում է… ես միշտ մտածել եմ, որ եթե հիվանդ լինեմ դու գարուն կնկարես իմ հիվանդասենյակի պատուհանին, կամ ասֆալտին ջրաշուշաններ կցանես, բայց դու հիմա գնում ես…, որ գաս վաղը… իսկ եթե վաղը չլինի՞…
-Սպառնու՞մ ես,- ժպտալով ասացի ես, սկսեց ծիծաղել…
-Լավ գնա, բայց վաղը համեղ բաներ կբերես…
Մի քանի օր հետո նրան դուրս գրեցին… Մենակ չէր մնում, միշտ կամ մայրն էր կողքին կամ ես, կամ քույրը … Վախենում էինք, չգիտեմ ինչից: Թեև զգում էի, որ էլ չի անի, բայց նրան մեկ անգամ կորցնելու վախ էինք ապրել, հիմա հանդարտվելը դժվար էր:
Մայրը չէր հաշտվում: Ես արդեն պատճառներ չէի որոնում:
Նա դարձել էր ավելի աշխուժ , ավելի ուրախ... Զգում էի որ կյանքն է վայելում, անկախ նրանից թե ինչպիսին է այն…
Մի օր էլ առավոտյան սովորականի պես դասի գնալուց առաջ մտա նրա մոտ. Պատուհանի մոտ էր…
-Արի, արի տես…
-Ի՞նչ է…
Զարմացած մոտեցա պատուհանին… ներքևում իսկական ջրաշուշաններ էին, ասես հենց էդպես ասֆալտից էին աճել մի գիշերում…
-Տեսնում ես ջրաշուշաններն են ծաղկել…
-Բայց ինչպես, ախր հիմա փետրվարն է,- հիմար հարց էր, կարելի էր մտածել, որ մնացած ամեն ինչը բնական է միայն փետրվարն էր խանգարում…
-Փետրվարը չէ…
-Այդ ինչպե՞ս…
-Փետրվարը չէ, օգոստոսի 176-ն է պարզապես,- ասաց նա ու դուրս վազեց…
Ես նայեցի անսովոր կապույտ երկնքին, այտեղ մի զույգ կապույտ-կապույտ աչքեր էին ժպտում, հիվանդանոցի այն ծերուկի աչքերի նման… Աչքիս է երևում ` մտածեցի ես ու դուրս եկա…

Անի Մաղաքյան


 

Նոր բացված յասամանի գույն էին ստանում նրա շրթունքներն ամեն անգամ, երբ լողանում էր սառը գետի մեջ: Այստեղ ջուրը սառն էր բոլոր եղանակներին, բայց նա սովորել էր դրան: Նրա բարակ մարմինը կոփված լինելու հույս չէր ներշնչում. ամրությունը ներսից էր:

Երկար մազերի փունջը բարձր հավաքում էր ու սուզվում վարար գետի ալիքների մեջ: Այդտեղից մի քիչ վերև` թավ անտառին չհասած, գետը նոսր էր և այնքան էլ վարար չէր` գրեթե կանգնած էր թվում: Բայց նա սիրում էր անշարժ կանգնել ալիքներին հակառակ և զգալ դրանց շարժումը:

Բացի այդ ` վերևում` գետի խաղաղ մասում, կեսօրից հետո գյուղի համարյա բոլոր ջահելները լցվում էին լողնալու, իսկ ինքը սիրում էր մենակ մնալ: Այնտեղ աղջիկները բարձրացնում են փեշն ու միայն ոտքերը թրջում, իսկ տղաները մի քիչ խաղաղ լողալուց հետո, ասես հարբում են գետի ջրից ու հրմշտում իրար, անիմաստ, տարօրինակ խաղեր են խաղում` մոռանալով, չզգալով գետի պարգևած իրական հաճույքը:

Ինքը սիրում էր մերկ մարմինը սուզել ջրի տակ և կիսաբաց աչքերով նայել գունավոր մանր ու մեծ քարերին: Հետո ոտքով շոշափում էր դրանք, փորձում գուշակել ըստ ձևի ու չափի, թե որ քարն է, նորից էր սուզվում` համոզվելու համար ճիշտ է գուշակել, թե ոչ:

Այսպես` ամեն առավոտ գալիս էր այստեղ, համոզվում էր, որ շուրջը ոչ ոք չկա, հանում էր իր միակ ծաղկավոր ամառային շրջազգեստն ու սուզվում էր սառը ջրի մեջ: Սկզբում փշաքաղվում էր, հետո մարմնի ` ջրից դուրս գտնվող հատվածը նրան տաք էր թվում…շունչը հավաքում էր ու սուզվում ջրի տակի: Իսկ երբ դուրս էր գալիս, նրա շրթունքներն արդեն նոր բացված յասամանի գույն ունեին:

Կեսօրից հետո գալիս էր, նստում ափին ու հետևում հեռացող ալիքներին: Երեկ այնքան էր տարվել գետի ալիքներին նայելով, որ սովորական ժամից 2 ժամ ուշ էր տուն հասել: Հայրն արդեն աշխատանքից եկել էր ու մռայլված նստած էր.  անգամ չսպասեց, որ ոտքերը լվանալու համար ջուր տաքացնի, իսկ դա ամենօրյա արարողակարգ էր: Նա սրբիչը ձեռքին կանգնում էր և սպասում, որ սրբի հոր ոտքերը: Նա սիրում էր դա անել: Առհասարակ հորը շատ էր սիրում: Երևի նրանից էր, որ մի օր արթնացավ լրիվ միայնակ, առանց որևէ մեկի և այդ օրից միայն հորը տեսավ իր կողքին` հաճախ լուռ, բայց միշտ բարի աչքերով: Այդ առավոտից սկսած էլ երբեք չտեսավ մորը: Մտածեց, թե շատերի նման նա էլ է երկինք գնացել: Բայց մի օր պատահաբար լսեց հոր և հորաքրոջ զրույցը: Հորաքույրը չարացած ասում էր.

-Գնաց, իր գործն է, թող էլ չերևա էս կողմերի վրա…Թե որ գրողից էդ լռփին բերեցինք…

Հայրը չէր խոսում, իսկ հորաքույրը բորբոքված շարունակում էր.

-Եկավ, ավիրեց հորս տունը, մորս արած-դրածը քի՞չ էր ` մի լակոտ էլ քո վզին թողեց…

Հանկարծ հոր ձայնը բարձրացավ.

-Էլ ծպտուն չհանես… իմ էրեխու մասին ես խոսում… նա իմ վզին չէ…իմ հույսն է, երջանկությունս է…

Էլի խոսեցին, ձայնները բարձրացրին, հորաքույրը լացելով դուրս գնաց ու արդեն 10 տարի է անցել այդ դեպքից, բայց էլ երբեք չեկավ իրենց տուն:

Ինքն էլ այդ օրը մտածեց, որ մայրը հաստատ երկինք չէր գնացել, որովհետև երկինք գնացածների մասին  միշտ լավն են խոսում:

Գյուղում երեխաները շուտ են մեծանում, ինքն ` առավել ևս: Հայրն աշխատում է լեռների ու սարերի մեջ` քարի հանքում: Առավոտից այնտեղ է լինում: Երեկոյան, երբ գալիս է, տունը պետք է կարգի բերված լինի, ճաշը պատրաստ, անասունը կուշտ , գոմում կապած:

Իսկ երեկ երեկոյան չէր հասցրել, խելքը դրել էր գետի ալիքներին, մոռացել էր ամեն ինչի մասին, միայն մի բան էր հիշում. առավոտյան, երբ գետից տուն էր վերադառնում անծանոթ մի տղա տեսավ: Տղան մոտցավ ինչ-որ բան հարցրեց, բայց նա չհասկացավ, թե ինչ ասաց, չլսեց, իսկ տղան տարօրինակ ժպտաց, ձեռքի յասամանի փոքրիկ ճյուղը տվեց նրան ու գնաց:

Երևի ինչ-որ մեկի տուն հանգստանալու է եկել ` մտածեց նա:

Յասամանի ճյուղը դրեց պոչը կոտրած կարմիր ծաղիկներով թեյի բաժակի մեջ ու դրեց իր անկողնուն մոտ:

Տարօրինակ աչքեր ուներ այդ տղան: Դեմքը գունատ էր, ուսերը` նեղ, իսկ ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին, տաք ու նուրբ:

Անծանոթի մասին մտքերը մեղմացնում էին անհանգստությունը, որ հայրը բարկացած է իր վրա:

Առավոտյան արտասովոր ոչինչ չկար: Կեսօրից հետո որոշեց տանը մնալ, որ հորը անպայման դիմավորի: Երբ խոհանոցում էր գործ լինում բաժակով յասամանը տանում էր այնտեղ, երբ հոր սենյակն էր հավաքում ծաղիկը այնտեղ էր դնում, իսկ դրսում` տան դիմացն ավլելիս յասամանով բաժակը դրել էր պատուհանագոգին, որ դրսից էլ երևա:

Ձիու սմբակների ձայն լսեց: Վարդանն էր` հարևանի տղան: Ձիուն նստած էր` ձեռքին յասամանի փարթամ փունջ:

-Բարև, քեզ համար եմ բերել, վերցրու,-անգիր արած ոտանավորի նման ասաց նա:

-Էս որտեղի՞ց էսքան շատ,-հարցրեց ու մոտեցավ ձիուն սիրելու:

Գյուղի ամենալավ ձին էր, կարմիր, արագավազ, մորթը առողջ, փայլուն:

Վարդանն իջավ ձիուց:

-Դե քաղել եմ էլի, քեզ համար…վերցրու…կգա՞ս գնանք գետ…

-Չէ, ես գետ չեմ գնում,-տան դռներին մոտենալով` ասաց նա…

-Գնում ես, ես տեսել եմ…

Միանգամից կարմրեց, ասես ինքն իրեն գրկեց ու շրջվեց:

-Ի՞նչ ես տեսել…

Վարդանը հասկացավ , որ սխալ արեց. չպետք է ասեր:

-Դէ… տեսա էդ կողմից ես գալիս, մազերդ թաց էին…

-Չեմ գա ոչ մի տեղ, դու էլ գնա…համ էլ մայրդ մենակ է, մեղք է…

-Դու դրանից ի՞նչ ես հասկանում,-բարկացած ասաց Վարդանը, նույն վայրկյանին էլ փոշմանեց ասածի համար, բայց էլ չէր կարող մնալ, արագ թռավ ձիու վրա, խփեց կողերին ու մի քանի վայրկյան անց էլ չերևաց:

Յասամանի փունջը ձեռքին կանգնած էր մնացել դռների մոտ: Ինքը գիտեր, ինքը հասկանում էր, ախր, թե որն է մենակությունը: Մի օր մենակ մնացին մայրը, հայրը, հորաքույրը, ինքը…

Բոլորը մի օրում ,միանգամից իր աչքերում մենակացան, դարձան անպետք…

Վարդանն իր համար համարյա ամեն օր էր ծաղիկ բերում:

Մի անգամ էլ գյուղի տղաներից մեկին խփեց իրեն նեղացնելու համար: Վարդանն էնպես խփեց, որ այդ տղան ընկավ, հետո ողջ գյուղը խոսում էր, թե ինքը տղաների մեջ կռիվ է գցում: Բայց Վարդանը գալիս էր իր մոտ, ծաղիկ էր բերում ու ասում, որ չլսի ոչ ոքի:

Մոր մեկնելուց հետո գյուղի կանայք խեթ էին նայում իր կողմը ` բացի Վարդանի մայրն ու էլի մի քանիսը: Մի օր էլ հորաքրոջը հանդիպեց, սա էլ թե .

-Գիտե՞ս` էսօր ինչ օր է… մի քանի տարի առաջ` էս օրը, մայրդ փախավ էն ոչ բարով եկած քաղաքացու հետ…

Հուլիսի 24-ն էր… այդ դեպքից անցել է ուղիղ մեկ տարի…

Իսկ երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրեց մի տղա, ում ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին ու տաք:

Մտքերի ու հիշողությունների ծանրությունից սթափվեց հանկարծ հնչած բարևից, նայեց իրենց բակից փողոց բարձրացող աստիճաններին` երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրող տղան էր` նույն տարօրինակ ժպիտով…

-Բարև, ասում եմ… դու խոսել գիտե՞ս…

-Հա…Բարև…

-Երեկ էլ խաչքարի տեղն էի հարցնում, էլի մի բառ չասացիր…Անունդ  ո՞նց է…

-Նանե…

-Ես մի քանի օր է որ այստեղ եմ, բայց կարգին չեմ ճանաչում տեղանքը ինձ գյուղը ցույց կտա՞ս…

Սիրտը թրթռաց, անհասկանլի ցանկություն ուներ անընդհատ այդ տարօրինակ ժպիտը տեսնելու… համաձայնեց…

Վարդանի բերած յասմանները դրեց դռան կողքի նստարանին ու դուրս եկավ նոր ծանոթի հետ:

-Բա ինչի՞ ինձ հետ խոսեցիր: ինչի՞ ուզեցիր, որ ես քեզ գյուղը ցույց տամ…

-Երեկվանից մտքիցս դուրս չէիր գալիս, այսօր էլ պատահակն տեսա քեզ, ուրախացա… գիտե՞ս ինչ ` ինձ տար քո ամենասիրելի վայրը…

Երբեք ոչ ոք չէր ասել, թե իրեն տեսնելով ուրախացավ… ուրեմն այնքան էլ անպետք չէ ինքը… Որոշեց, որ հենց նրան, ում ուրախություն է պատճառել միայն իր գոյությունը, հենց նրան կտանի այնտեղ, ուր ոչ ոքի երբեք չի տարել:

Գնացին գետի իր ափը: Խաղաղ էր ամեն ինչ, գետը հանդարտ ալիքներ էր ուղարկում հեռուն…

-Նայիր, էս ալիքը, որ գնաց էլ չի գալու… էլ երբեք ետ չի գալու…,-ասաց նա…

-Բայց գալիս են նորերը…

-Հա գալիս են ու էլի գնում են… դու էլ ես գնալու…

 Լռեցին…

Տղան կողքից մանր քարեր էր վերցնում ու նետում գետի մեջ…

Հիշեց հորաքրոջ խոսքերը ` էն ոչ բարով էկած քաղաքացին…

Սկսեց մտածել, որ դժբախտություն, մենակություն են բերում իրենց հետ քաղաքից եկածները… գալիս են խանգարում հանգստությունը…գալիս են, որ պղտորեն գետը, որ քարեր լցնեն մեջը, որ նոսրացնեն գետի հոսանքը, որ իր , հոր, հորաքրոջ ու իր մոր նման շատերը մենականան, դառնան անպետք… Գալիս են, որ հին ալիքը ավելի արագ մոռացվի … Այդ մտքերի հետ մի տեսակ անպետք թվաց կողքինի ժպիտը…

Թեև չէր զգացել գետի սառնությունը, բայց բարկությունից շուրթերը նորից նոր բացված յասամանի գույն ստացան…

-Մտածում եմ` ո՞նց քեզ ավելի շուտ չէի տեսել…ափսոս` վաղը գնում եմ…

-Գնա , ավելի լավ…,-գրեթե բղավելով ասաց նա,- իսկ ես վազելու եմ հին ալիքի ետևից… սխալվում են, երբ ասում են ` թե ես մորս նման եմ…թե դավաճան եմ…

-Չեմ հասկանում քեզ…

-Ոչ մայրս է դավաճան, ոչ էլ ես, հասկացա՞ր… գնա… ու էլ քարեր մի գցիր իմ գետի մեջ… մի պղտորիր այն…

Ասաց ու արագ հեռացավ…

Դեպի իրենց բակ իջնող աստիճաններին նստած էր Վարդանը… Հանդարտվեց, նստեց կողքին, գլուխը հենեց Վարդանի ամուր ուսին ու յասամանաբույր շուրթերով շշնջաց.

-Դու գետի ամենամաքուր ալիքն ես…

 

 

Անի Մաղաքյան

 

Oct. 23rd, 2010

Թող կարոտեն ինձ անվերջ ուրիշ ծխախոտներ օտար … թափառեն նրանք դեռ չունեցած

 անցյալում մեր սիրո … թող ծխեն նրանք իմ օրերն անիմաստ ու անջատվեն իրենք իրենց ապրումներից  … ու ծխահար, ու կույր կմնամ ես այսպես  ուրիշ աչքերի ցավով ապրող …ես կմնամ մի օր այնպես մենակ ու խեղճ, ինչպես օտար երկրում օտար մի շուն … թող չունենամ օրեր քեզանով դառնացած ու թող չապրեմ այսպես կիսատ-պռատ ` միայն ծխեն նորից օտար ծխախոտներ իմ դեռահաս սիրո կարոտն այրված… կտարածվի նրանց ծուխն ամենուրեք և կպատմի բոլոր անցորդներին , թե որքան է մի շուն կարոտում քեզ ու որքան են դատարկ օրերս մերկ … կհեռանամ հետո բոլոր հայացքներից ,կմնամ իմ հյութեղ կարոտի հետ, կկծեմ այն, կուտեմ ինչպես խնձոր հասած, որ սերմերը մնան միայն իմ մեջ, կհավատամ մորս հեքիաթներին պատմած, թե կորիզը ծառ կդառնա եթե ուտեմ … Ու կսպասեմ վախով հրաշքին այդ վեհ . ես էլ ծառ կդառնամ ու ես կաճեմ իմ մեջ  … Ու թող ծխեն նորից ծխախոտներն օտար  իմ իմացած հեքիաթները բոլոր … Ես կափսոսեմ միայն խղճիս կորուստն անդարձ . ուրիշ ոչինչ  չունեմ ափսոսալու …   

 

Անի Մաղաքյան

 

պապան չեկավ...

-Մամ….մա՞մ…

-ի՞նչ է…

-Էս ծառն ինչի՞ ա էսքան մեծ…

-…

-մա՞մ… բա ի՞նչ ա կերել, որ մեծացել ա էսքան…

-Բալես հողից ջուր է խմել…ու օգտակար ուրիշ նյութեր է կերել…

-Մա՞մ… ես, որ հող ուտեմ կմեծանա՞մ ծառի պես…

-չուտես հանկարծ…

-…

-Լսեցի՞ր…

-հա…Մա՞մ… ադնակլասնիկն ի՞նչ ա…

-…

-մեր խմբի Արաքսիկը ասեց, որ իրա քուրիկը ադնակլասնիկ ունի…

-մի լսիր ամեն մեկին…

-…

-լսեցի՞ր…

-հա…բայց էդ ի՞նչ ա…

- էդտեղ մարդիկ ծանոթանում են իրար հետ…

-Մա՞մ… ինչի՞ են էնտեղ ծանոթանում…

- Երևի նրանից է, որ չեն տեսնում իրար, չեն ամաչում խոսել…

-Մամ, ես չեմ ամաչում, արի գնանք էն պապիկի հետ ծանոթանանք…

-…չի կարելի…

-ինչի՞… ինքն էլ ա մենակ կանգնած, ես ու դու էլ ենք կանգնած…

-չէ…

-ուրեմն արի գնանք ադնակլասնիկ ու ծանոթանանք լիքը…..լիիիիքըըը մարդկանց հետ…գնա՞նք...

-ու՞ր գնանք…

-Էնտեղ էլի, մամ, ադնակլասնիկ …բայց, ո՞նց կարանք չտեսնենք իրար ու ծանոթանանք…էդ էդպիսի խա՞ղ ա…մենք խաղացել ենք մեր խմբում… Ընկեր Լարիսան փակեց Կարենչիկի աչքերը ու ինքը մեզ պետքա բռներ, մենք էլ փախչում էինք… հետո Կարենչիկը լացեց…Ընկեր Լարիսան ասեց` ինչի՞ ես լացում…Կարենչիկն ասեց ` մութ ա… ու էլի լացեց…

-…

-Մա՞մ… էն ի՞նչ ա գրած…

-…չգիտեմ… հոգնեցի՞ր…

-Չէ, բայց ու՞մ ենք սպասում…

-…

-Մա՞մ… պապան կգա՞…

-…

-… … … տես…տես շունիկը…ինքն էլ ա մենակ…Մամ իրա՞ն տանենք մեզ հետ ադնակլասնիկ ինքն էլ կծանոթանա ուրիշ շունիկների հետ…

- հանիր գլխիցդ էդ հիմարությունները…

-Մամ Ընկեր Լարիսան էսօր ասեց, որ ոչ մեկին չասենք, որ ինքը խմբում ծխում ա… մամ ինքը մենակ ա գիտե՞ս… ասեց, որ էն Արաքսիկի նման աղջիկ կուզեր ունենար, բայց նույնիսկ շուն  չունի… լացում էր էսօր… Մամ արի ընկեր Լարիսային էլ տանենք ադնակլասնիկ , հա՞…

-Ինքը մենակ կգնա…

-Որ մենակ գնա էլի կլացի… ինքը էսօր ասեց, որ մենակություն ա ապրում…

-…

-Մամ մենակությունը ո՞նց են ապրում…

-Լուռ…ուղղակի…

-… Էսպե՞ս… … … … … … … … … … … … … … … … … … հա՞

-Էդ ինչ արեցի՞ր…

-Լռեցի…

-Հա դրա նման մի բան…

-…մամ, պապան կգա՞…

-… … … …

-մամ հողի մեջ ի՞նչ կա…

- մտքիդ դեռ ծա՞ռն է…ասեցի չէ …

-բայց…եթե ծառը հողից մեծացել ա, ուրեմն ես էլ կմեծանամ…

-տղաս, հողը ծառի համար է օգտակար, մարդու համար օգտակար չէ…

-ծառը, որ հաց ուտի կթունավորվի…

-… է~ է ~է~…

-մամ տես, ես ծառ եմ…

-Իջիր էդտեղից, կընկնես…

-Մամ փոքր ծառ եմ…փոքր ծառ չի լինու՞մ...

-… … …

-մամ, ես ընկեր Լարիսային չասեցի, որ դու էլ ես պապայից թաքուն ծխում…

-ինչքան շատ ես խոսում…

-Չխոսե՞մ…

-… … …

-Մամ հոգնեցի…

-Գնում ենք, լավ, էլ չենք սպասի…. չեկավ պապան…

Ռևանշ

Պատերազմներ չկան մեր մեջ էլ…
…Դու միշտ ես պատերազմի մեջ…դու միշտ ես հաղթողներ ու պարտվողներ գտնում այն պարզի մեջ, որն ինձ համար պարտության կամ հաղթանակի սկզբունքներ չի ունեցել…
Գիտես, որ ամեն օր, յուրաքանչյուր վայրկյանին մեկ մարդ է մահանում աշխարհի վրա... ու ի՞նչ... քո կարծիքով ես կարո՞ղ եմ ինձ կենդանի տրված հազարավոր վայրկյանները վատնել պարտվողներ ու հաղթողներ հաշվելու վրա...
Այսօր ևս մեկ չարախոսի հայտաբերեցի... անիմաստ մեկն է, ինձ կարգին չգիտի էլ, բոլորը աջուձախ զգուշացնում էին, որ անկեղծ մարդ չէ, ես էլ պաշտպանում էի` էշ-էշ...
Արջուկս ասաց ` ուշադրություն մի դարձրա, դու դա դու ես... քեզ մենք գիտենք, ով էլ չգիտի իր դժբախտությունն է...ապրիր այնպես, ինչպես մինչ հիմա ես ապրել...
Իմ տիպն է Արջուկս...իսկը իմ պատանեկությունն է ` ըմբոստ, գոռոզ, համարձակ...լավն է...
Հիմա բոլորն են լավը... իսկ դու դեռ պատերազմում ես այ ... անտեղյակ...
Ուզու՞մ ես քեզ լիքը հաղթանակներ նվիրեմ... տամ այն, ինչի համար փսլինքդ թափելով նայում ես քեզ անհասանելի ցուցափեղկերին... ինչը էդպես էլ չունենալու պատճառով էսօր չարացած քեզ պատեպատ ես խփում ու մտածում, եղունգներդ կրծելով ,թե էլ ինչ ախմախ բառ հորինես, որ նեղացնես ինձ, որ հաղթես... Ասեմ ` սուտ են քո բառերը բոլոր, անկեղծ չեն, ճիշտ չեն, ձև են... քո բառերը, որ ասում ես միայն կերպար ստեղծելու, իրավիճակ փրկելու համար, քեզ չեն դարձնում հաղթող քո անիմաստ պատերազմի մեջ, որովհետև դու ներսից ես պարտված... ներսից ես դու ջաղջախված... ու որքան շատ ես խոսում, այնքան ավելի ակնհայտ է դա...
Արջուկս ասաց ` լսի, հերի՞ք չի դու հարազատներ ու ընկերներ գտնես նոր-նոր... չե՞ս տեսնում, որ թաքնված առնետներ են...
Դու, անհաղորդ ու հեռու ամեն լավից, բաներ ես անում, ինչից երևում է պարզ ` ռևանշ ես ուզում...ինքդ քեզանից` ըստ ամենայնի...
Թե կար ժամանակ, երբ կարող էի քո հպարտության վեհ արտահայտմամբ հիանալ, այսօր դա էլ է ոտնատակ եղել... այդ վերջին արժանիքդ էլ կորցրիր ավաղ...
Ես ծիծաղում եմ քո ձեռնարկած ամեն հարձակման վրա, որովհետև չեմ կարող պատասխան քայլեր ձեռնարկել. կարդացել եմ մի տեղ, որ ընկածներին չեն խփում...
Գիտես, որ ամեն օր, յուրաքանչյուր վայրկյանին մեկ մարդ է մահանում աշխարհի վրա...(կարծեմ ինչ-որ տեղ ասել եմ էլի)... բայց մի՞թե կարծում ես, որ ես կվատնեմ ինձ կենդանի տրված եզակի վայրկյանները չարության վրա...
Կյանքում էնքան բան կա, որ դու չես տեսել... որ ես չեմ տեսել... ապրի քո համար ` ինքդ քեզանից չբավարարված հրամանատարի կերպարով... փայլուն համազգեստ հագիր ու քայլիր մայթերով ծանոթ...դու սիրում ես փայլփլան աչք ծակող ամեն բան...
Ռևանշ պահանջիր կիսատ կյանաքիցդ , իսկ ես չեմ պատերազմում ինձանից թույլերի հետ ...

էտյուդ

Այսօր հաստատվեցի էլի իմ մենակության մեջ, էլի դարձա  օտար...էլի դարձա անգույն...

Ինձ մի ծափահարեք, ես լսում եմ  միայն, թե ինչպես է էլի նա լաց լինում թաքուն:

Գիշերներն արթնանում ու նայում եմ երկինք, ես լսում եմ նրա հառաչանքը էլի

Ես լսում եմ` ինչպես նա հարբում է մենակ, ինչպես է նա քնում, իբր խորը քնովԳիտեմ անգամ նրա սիրած երգերն հատ-հատԵս լսում եմ դրանք գիշերներում ամպոտ

Նա բացում է ահա իր պատուհանը նեղ, և փորձում է իրեն տեղավորել իզուր, նա շնչում է հիմա գիշերվա օդը մեղմ, նա զգում է հեռվից, որ գալու եմ մի օր...

Սպասում է րոպե...հետո երկրորդ անգամ... վերջին հառանչանքով օդ է լցնում իր մեջ ու հիշում է նորից, որ անքուն եմ ես էլ` 3րդ, կամ էլ 4րդ տարին արդեն...

Ներս է մտնում ահա, ու փորփրում է լուռ  դարակներում եղած թղթերն անփույթ...ու գտնում է այնտեղ իմ նամակներն անգույն, բայց չի կարդում նորից, ծրարում է իր մեջ... Նա գտնում է հետո նկարներ ծուռումուռ և ժպտում է, ասես, և լաց լինում...

Ես լսում եմ նրա քայլերն ընդհատ...թե ինչպես է ձեռքերն իրար քսում...Նա վերցնում է հեռախոսն իր  նորից...նա փնտրում է իմ համարը կարծես... չէ , բայց զանգեր ես չեմ լսում էլի... Արդեն 3րդ անգամն է` խաբվում եմ, թե՞ սխալվում...

Առավոտ է գալիս... ես պառկում եմ, քնեմ... բայց լսում եմ դեռ նրա քայլերն ընդհատ...

Ժամը վեցն ն է արդեն, պետք է քնել...քնել... ու զանգում է նորից հեռախոսս հանկարծ...

Անի Մաղաքյան

Դու քո արարքներում այնքան կանխատեսելի դարձար մի օր, որ ես սկսեցի չայցելել էլ գուշակներին..դե քեզ գուշակելը հեշտ էր շատ .... հետո սկսեցիր համոզել, որ աշխարհում միայն ազատություն ես սիրում…արևը ` միայն բաց երկնքի տակ... << հետո մտածեցի` դե ինչ անհեթեթություն է գլխիվայր ապրելը, երբ երկինքն այսքան մեծ ու շքեղ է>>, իրականում սա մի հանճարեղ երգից է, որը չես լսել, որը միայն ես եմ լսել, իրոք... ես շուռ եկա.... Դե քեզ չթվա , թե միակն ես եղել, կամ կաս... չէ ... դա կապ չունի` ասենք... անցնենք առաջ...

Անիմաստ ու տափակ քո սխալների պատճառով` ես մուսա էի փնտրում ուրիշ մեկի մեջ, ուրիշ մեկի համար ... ու դարձա ես երևի նկարների համար նրա կերպար, սիմվոլ կամ եսիմ ինչ ... Նա էր կարուսելներ նկարում ինձ համար...հետո նկարեց ինձ կարմիր շորով, կրքոտ իսպանուհու կերպարով, նկարեց ինձ կատվի աչքերով, նկարեց կարմիր, արյունոտ ձեռքերով, որովհետև մի օր արյուն էր գալիս նրա քթից ու այնքան էր եկել` թափվել էր կրծքին, ասես սրտից լիներ... ես մաքրում էի նրա <<կրծքից ծորացող արյունը>>...ծիծաղելի է չէ` ինչքան մանր բաներից կարելի է <<մուսա ստանալ>> ...նա սիրում էր ինձ, իրոք, այն քչերից է, ում սիրո մեջ չեմ կասկածել, բայց գիտեր, որ իր համար չեմ, ընկերներ էինք ուղղակի... իր տան անկյունում հարմարեցրած արհեստանոցում մեկ-մեկ նստում էինք ու ինձ նկարել էր սովորացնում...ես անտաղանդ եմ ահավոր... նեռվայնանում էր... ես սուրճ էի սարքում նրա համար, մի անգամ էլ վարագույրները լվացի ու խոստացավ, որ երբեք չի փոխի դրանք...մի օր, չգիտեմ որտեղից, կարմիր զգեստ էր գտելՀագա ու նստեցի իր առջև… 6 ժամ էդպեսկռացած, ուսս բաց, մի ձեռքս կախված, մյուսը` հենած ոտքիսհայացքս ուղիղ նրա հայացքին` ներքևից վերև… լավ նկար էր եղել... բայց նրա արհեստանոցի տանիքը կաթում էր, էդպես էլ անձրևը փչացրել էր շատ նկարներ, դա նույնպես… Նա հիմա մեկնել է, շատ հեռու է ինձանից, ինչպես բոլոր նրանք, ովքեր սիրում են ինձ, ովքեր կարևոր են ինձ համար

Հետո կար մեկն, ով աջուձախ հավատներ էր բաժանում, բայց գիտեր, որ հույս չկա, որ անհավատ եմ ես, հույսեր չկան ինձանում, պարզապես ընկերներ ենք: Նա այնքան էր ուզում` ամեն ինչ լավ լինի, որ մի փոքր ստել էր, իսկ ես, դե գիտես` չկարողացա ներել...Նա մի օր ինձ լինզաներ էր ուզում նվիրել կատվի աչքերով, չուզեցի, թեև միշտ էի երազել էդպիսիների մասին: Չուզեցի` հավատում էի, որ իսկական կատուն դեռ գալու է...Հետո նա սկսեց ինտերնետում մի աղջկա անունից խոսել հետս...սկզբից էլ գիտեի, որ նա է, բայց ախր այդպես միայն շատ սիրելուց են անում, երբ չեն կարողանում կտրվել, երբ կարևոր է միայն լինելդ, երբ հերիք է միայն կարդալ մի բան ու իմանալ, որ նա է գրել... Բայց նա էլ է հիմա հեռու...

Երևի դա է պատճառը, որ սկսեցի չսիրել քարտեզը... Որ անկյունը նայում եմ կա մեկն , ով հարազատ է ինձ, և բոլորը հեռու...

Եղավ նաև նա, ով Կասկադում երգում էր ինձ համար այն մասին, թե երկիքը երկրի վրա է` գունավոր ներկերով նկարված և լռություն է սփռում` չգիտես ինչու... և երգում էր այն մասին, որ մենք գնում ենք արևածագ դիմավորելու միասին, թեև արևը վաղուց երկնքում էր, մայրամուտն էլ` հեռու, իսկ արևածագ ես երբեք չեմ սիրել... Նա էլ չկա հիմա` ինչպես հասկացար... Գնացել է այնտեղ, ուր ծագում են արևները բոլոր... նրա համար աչքերիս գիշերներն ապաստան չէին կարող լինել:

...ու գնում էր ժամանակը...

... նոր դեմքեր ամեն անգամ... նա, ով իրեն կորցրած հարվածում էր ամեն մի պատի ու ծառի ինձնից հեռանալիս...

...նա, ով խոստացավ անգամ ժամանակից պաշպանել ինձ, բայց առաջին հնարավորության դեպում հենց հարվածեց թիկունքից...

...նա, ով չկարողացավ պաշպանել ինքն իրեն ինձանից...

...նա, ով անտեսեց ամեն ինչ, բայց չսիրվեց,ափսոս....

...նա, ով... նա... նա...

Իսկ քո աչքերում ես չար էի...

Թեև ես քո թշնամին չեմ եղել երբեք... թե դու իմ մեջ թշնամի ես տեսել միշտ կամ հաճախ, դա էլ քո գործն է... միշտ պաշտպանել եմ թիկունքդ ու երբեք դա դու չես  իմացել, որովհետեև չեմ արել, որ իմանաս, արել եմ, որովհետև հարազատ ես եղել... եղել... լավ է , երբ  բառերն անցյալ ժամանակով օգտագործելն էլ ցավոտ չի լինում... ու թող չթվա հիմա քեզ, թե բառեր եմ ասում ուղղակի ... Դու դեռ չգիտես պարզապես, ոնց են սիրում ինձ ... Նրանցից ոչ ոք չգիտեր...

Դա նրանից չէ, որ ես բարդ եմ ու անհասկանալի... պարզապես ես միշտ ես եմ...

Հետո մտածեցի, որ երկար չեմ մնա քեզ մոտ էլիէլի չեմ ասի այն, ինչի համար գալիս էի … կգնամ առանց հրաժեշտի նույնիսկ...մի ամառ է` կապրենք, կվատնենք նամակների վրա ... Ու մի կարճ ամառվա նման կապրենք մի ողջ կյանք ... եղածն ինչ է որ ` միջինը 27 հազար ախմախ օր... դրա մոտ 2000 հազարն արդեն վատնել ենք իրար նեղացնելու վրա... լավ է...իրարից ահագին բան ենք սովորել...2000  անգամ ասել ենք իրար թե վերջն է, թե վերադարձ չկա, չկա էլ իմաստ ոչնչում... բայց իսկական ավարտները նախապես չեն շեփորվում... այդպես էլ ես մի օր կհեռանամ լուռ, առանց հրաժեշտի... չեմ չարանում զարմանալիորեն...նրանից է, որ մեկ է դարձել ամեն ինչ… իսկ վատ բառերով ու վիրավորանքներով ամեն մեկն էլ կարող է նեղացնել, պետք է կարողանալ խայթել ճիշտ տեղից առանց հայհոյելու...ու մի փորձիր ինձ վրա խայթելուդ վերջին հնարքները, որովհետեև ծիծաղելի ես նորից... վերջին զենքդ է, վերջին հնարավորությունդ հաղթելու... բայց պարտված ես քո էությամբ վաղուց... կմեռնեմ վաղը, թե ամիս հետո...կվորոշեմ դեռ...իսկ դու վերջին խղճուկ զենքդ գործի մի դիր, որովհետև ծիծաղելի լինելը լավ է մինչ այն պահը քանի դեռ խեղկատակ չես դարձել...

Այս մտքերով ավարտվեց սխալներիս շարանը...

Էստեղ սկսում է ճակատագիրը... մեկի հետ 7 տարի մեկ հարկի տակ սովորես ու անծանոթ լինես...անհավանակն է մի տեսակ... բայց մի ճշմարտություն կա միայն... եթե 2 հոգի ծնված են իրար համար, ապա ոնց էլ անեն, կյանքի որ ճանապարհն էլ ընտրեն միևնույնն է բոլոր ճանապարհները դեպի իրար են տանում...Եվ մի գեղեցիկ օր հատվում են... Ու եթե նրանք չերկարացնեն այդ ճանապարհն, ավելի շուտ կհասնեն իրար...միայն թե մի քիչ հավատ ու վերջ ...

... եկավ ...միակն էր, ում մասին չէի մտածել երկար գիշերներով...միակն էր, ում համար չէի լացել, բայց միակն էր,  ում սիրեցի... տեսա նրան 3 օր միայն...լավագույն 3 օրը, որ ունեցել եմ երբևէ... ու գնաց... գնաց, որ անգամ հեռավորության ու անմարդության մեջ հավատ դառնա... ... գնաց, որ անգամ այդքան հեռու չկասկածեմ նրան, հավատամ,...ու զգամ, որ սիրում է, թեև գիտես, նա բառեր ասել չի սիրում... նա համբուրում է ճակատս ու ես երջանիկ եմ արդեն, պաշտպանված ու ուժեղ...գնաց, որ իմանամ` գալու է...

... և հիմա կարոտում եմ նրան ավելի քան առաջվա եսիս.... նա ինձ վերադարձրեց ԻՆՁ... Նա իմ վերջին շունչն է... նա պահում է ինձ ... իսկ դու չես հավատա, որովհետև դու չգիտես ինձ...որովհետև քեզ մոտ <<ասովի>> է ամեն ինչ...  

Նա իմ կատուն է... միակը աշխարհում... ՈՒ  ԵԹԵ  ՊԵՏՔ  Է  ՆՐԱՆ  ԱՍԵՄ `  ՄՆԱ   ԿԱՏՈՒ, ԵԹԵ  ԻՄ  ԱՍԵԼՈՎ  ՊԵՏՔ  Է  ՄՆԱ ...  ԵԹԵ  ՊԵՏՔ  Է  ԱՍԵՄ`  ԵՍ  ԵՄ  ՄԻԱՅՆ,  ԵԹԵ  ԻՄ ԱՍԵԼՈՎ  ՊԵՏՔ  Է  ԴԱ  ՀԱՍԿԱՆԱ,  ԱՎԵԼԻ  ԼԱՎ  Է ԼՌԵՄ. . .

Մի օր մարեց աչքերիս վերջին հեքիաթը... չար եմ այսուհետ...

Բայց լավ է ապրել իրականության մեջ ու հեքիաթները միայն կարդալ` դրանք ապրելու համար բանի պետք չեն...

Ու այդ հեքիաթների ավարտով է հենց ազդարարվում այն, որ  մեզանից մեր մեջ չի մնում ոչինչ... մեզանից մնում է մի չորարցած ոսկոր` այն, ինչ պահպանվում է չարության, անհավատության, ագրեսիայի ու անտարբերության մեջ...

 

Հ.Գ. հավատա քեզ... կգտնես մի օր դու էլ...

 

Անի Մաղաքյան

 

Jun. 8th, 2010

Ժամանակավոր կանգառ

 

Մոլորված գարնան պես, ես աշուններով ժամանակավոր կայարան գտա: Ամեն անգամ անձրևից հետո ես դուրս եմ գալիս փողոց ու ասֆալտե ծառերի տակ սունկ եմ որոնում: Երբ ինչ-որ մեկը մի օր շոկոլադի թուղթը գետնին գցեց, ես վիրավորվեցի իմ քաղաքի համար: Նույնը զգում էի այն ժամանակ, երբ հիվանդոտ լոզունգներով աղտոտում էին իմ քաղաքի շենքերի պատերը, ու յուրաքանչյուրից սնկային խոնավություն էր բուրում. Մարդիկ իրենց ապագայի մասին են մտածում:

-Այստեղ թուղթ չեն թափում:

-Ես ընդամենը շոկոլադ կերա

-Դուք կարող եք ուտել ոչ թե ընդամենը, այլ բազմաթիվ շոկոլադներ, բայց միաժամանակ չախտոտել քաղաքը, որովհետև սա քաղաք է, ոչ թե լոզունգով պաստառ, որի վրա կարելի է պարզապես խզմզել չմտածել վիրավորելու մասին:

Իսկ ինչ-որ մեկն ընդամենը շոկոլադ էր ուտում, մյուսը` մի ամբողջ շոկոլադե գործարան.

-Պարոն, դուք պարզապես շփոթել եք խորհրդարանը խորտկարանի հետ` մտածելով, որ առաջինը վերջինիս գրական տարբերակն է, բայց չհուսահատվեք . այստեղ էլ վատ չեն կերակրում:

Ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ միայն շնչով ոչինչ չի որոշվում, պետք է արտաշնչել կարողանալ:

Ես նորից սկսել եմ միայն շնչել, որովհետև մի օր, երբ դու շոկոլադի թուղթը փողոցում գցեցիր, ես ոչինչ չասացի:

Դու չես սիրում, երբ քեզ դիտողություն են անում, Բայց դա չի նշանակում, որ դու չես սիրում մեր քաղաքը: Նա, ով մի գեղեցիկ օր ինձ հիշեցրել է կյանքի մասին երազում է արծիվ դառնալ ու թռչել. Ոչ մեր քաղաք: Ես մտածեցի, որ դու կսովորես օգտվել աղբարկղներից այն ժամանակ, երբ նա արծիվ կդառնա: Չեմ ուզում հուսահատեցնել երկուսիդ, բայց իմ առողջ տրամաբանությունն ինձ հուշում է, որ այդ օրը երբեք չի գալու: Հետո մտածեցի, որ երբ իրավաբան դառնաս դու կպաշտպանես ոչ թե ինձ, այլ իմ իրավունքները, և դա էլ այն դեպքում, երբ ինչ-որ մեկին թուղթը փողոցում գցելու համար սպանեմ, բայց ես բռնությանը միշտ էլ դեմ եմ եղել . ոչինչ չի ստացվում, այնպես որ ավելի լավ է բժիշկ դառնաս. Ոնց էլ լինի մի օր կարիքդ կզգամ, և մենք էլի կհանդիպենք: Հետո գիտես ինչ, եթե երկուսս էլ ուզում ենք մեքենայի մեջ պատուհանի կողմում նստել, ապա մեզ իրարից գոնե 2 նստատեղ պետք է բաժանի, իսկ այդտեղ նստել ցանկացողները հաստատ քիչ չեն լինի, մեկը քո կողքին, մյուսը` իմ…

-Ինչպիսի՞ն է գերմանիայի երկինքը, իսկ փողոցնե՞րը…

-Քեզ քանի հազար սուտ ասեմ ու քանի հազար բացատրություն տամ, որ երջապես հավատաս ինձ, քեզ քանի հազար անգամ ուղարկեմ գրողի ծոցը, որ վերջապես վերադառնաս ու ընդմիշտ: Քեզ քանի հազար կյանք է պետք, որ կանգառը գտնես: Քեզ քանի հազար սատանի տարած բառ է պետք, որ ասես այն ինչ զգում ես:

-Փնտրիր, փնտրիր, փնտրիր… հետո գոռա ու ամեն ինչ նորից սկսիր…

-Քեզ քանի հազար հեքիաթ պատմեմ, որ կարևորես կյանքդ, քանի հազար անգամ չհավատամ քեզ, որ արժեվորես խոսքդ:

Սա երկխոսություն չէ. Սա երկխոսության փորձ է, ավելի ճիշտ երկխոսության փորձի ծաղր: Մենք միշտ էլ ձգտել ենք իրաի, հետո մի քանի հազար սուտ ասել ` իրար դուր գալու համար, հետո 2 ոտքով խրվել այս ամենի մեջ ու հիմա փնտրում ենք… Միայն թե ընդհանուր կանգառ այդպես էլ չգտանք:

<<Տեսնե՞ս ` Գերմանիայում թռիչքային եղանակ է…>> :

Միայն, միայն, միայն… միայնակ… ու էլի մի անիմաստ օր. Քո մեկնելուց հետո…

Անունդ հազվադեպ եմ տալիս. Դժվար է, իսկ քո անունն ունեցողների հետ ընդանրապես չեմ խոսում: Պարզապես այն շատ է հայկական: Պատկերացնում ես ` լիներ, օրինակ` մի Յոհան կամ Հենրի: Այդ դեպքում միգուցե այն բավականաչափ օտար կլիներ հեշտ արտասանելու համար: Չգիտեմ` գերմաներեն անունդ ինչպես է հնչում, բայց լավ սպասումներ չունեմ: Ես ինձ մեղավոր եմ զգում մեկնելուդ համար, չնայած` այն սպասված էր ու տրամաբանական:

Անգույն նկարի նման անհետաքրքիր ու ձանձրալի է այն ամենն, ինչը մենակության մեջ փրկություն է ուզում դառնալ…

-Այստեղ թուղթ չեն թափում:

-Իսկ ինչ են թափում

-…հուշեր…

Jun. 7th, 2010

Եվ ընդամենը

… Եվ մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին և կհագնեք իմ դեմքը. Երևի գունատ, կամ սև…

Ում ինչ, թե հին էր ապրածս, թե չկար ոչինչ մեզ միավորող .բայց ես պայքարից հոգնել չգիտեմ ու պարտվեցի, ինչպես բոլոր նրանք, ովքեր շատ են ուզում հաղթել…

Ձեռքերիս նայիր. Դրանցից ավելի հետաքրքիր բան երևի չկա…

Ախր, չգիտեինք, չհասկացանք այդպես էլ, որ հին էր մեր ապրածը, մեզ միավորող ոչինչ չկար…

Այս նույն ճակատագիրն էր` կրկնեց նաև միլիոն տարի հետո մեր իբր թոռը… Նա կրկնել էր սա ժամանակից շուտ ու չէր իմացել մեր գոյությունը… մենք երազում ենք մեր թոռան մասին,  իսկ նա ինչ-որ տեղ մեզ երազում է տեսնում ու հավատում, որ իր նախատատն ու նախաեսիմովն իր պահապան հրեշտակներն են:

Միշտ էլ ելք կա, իմ դեպքում դրանք մի քանիսն էին ու մեկը մյուսից ախմախ, մեկը մյուսից սխալ…

Դուք կռիվ արեք, ես կդիմանամ… նեղացրեք իրար, և թող ձեզ թվա, թե ուրախ եմ ես ու հաշտվեք նորից ի հեճուկս ինձ. Ինչ տարբերություն, իմ մեջ է հիմա ձեր նախատատը:

Հրեշտակություն արա իմ գլխին ու թափահարիր թևերդ ծեր. Ես էլ չեմ կարող ինքս որոշել, թե ուր եմ գնում և ուր եմ տանում իմ այն թոռնիկին, որ ինչ-որ մի տեղ հիմա ապրում է ու տեսնում է ինձ իր երազներում…

 Ես մեղավոր եմ երևի հիմա…

Ու ես կվառեմ իմ նկարները, որ հիշողություն չդառնամ էլի…

Բայց միևնույնն է, մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին ու կհագնեք դեմքը իմ, երևի գունատ կամ սև, տխուր կամ ուրախ… Ու մի հավատա, երբ ասում եմ, թե քո նամակներն ինձ պետք չեն եղել… հիմա էլ են պետք …

-Այ ցնդած, այ գիժ… ու՞ր ես, ի՞նչ եղար…

Թող տանեն այսօր իմ ձեռագիրը ու նվիրեն ում որ ցանկանան, ես գիտեմ հաստատ` մի օր այն ծնվեց իմ թոռնիկների հետ միլիոն, գուցե ավելի շատ տարիներ հետո…

Իմ փախուստը էլ ելք չթողեց…

Բայց ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել… Ասենք` կարող էի անգիտակից լինել և ընդունել այն, ինչ դու սեր էիր անվանում… Դու կարող էիր անգիտակից լինել և ընդունել այն, ինչ ես երջանկություն էի անվանում և մեզ կնախանձեին բոլորը և կերազեին մեր կյանքը և կփորձեին նմանվել մեզ, և մենք կապրեինք ` այսպես անջատված, այսպես անտեղյակ սիրուն, երջանկությանն, անհաղորդ` մեր ճակատագրերին, որ մի տեղ առանց մեզ են մնացել…

Ու մենք կապրեինք առանց մտքերի, էշ-էշ կապրեինք ու կծամեինք համբերության անվերջանալի ու դառը հարդը…

… Ու անառագաստ, անղեկ… մի խոսքով, մի խարխուլ լաստ էր մեզ բաժին ընկել, ու՞մ էր պետք, ասա , մեր միությունը. Միայն ինձ ու քեզ, մյուսների համար բեռ ենք երևի…

Եվ պարսպապատ իմ մենակության ամեն անկյունում մամուռ է աճում…

-Իմ ցնդած, իմ գիժ ու՞ր ես, ի՞նչ եղար…

…Ու պաստառապատ հիմար քաղաքի ստվերների մեջ ես կթաքցնեմ իմ գողացածը` այն , ինչ ստացվեց ձեռք գցել մի օր… ես կթաքցնեմ միայն մի մաքուր, չեղծված մի ՊԱՏ… Եվ ընդամենը…